ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

 

 

Փոխվել է կարգը ժամանակների,
սկիզբն ու վերջը՝ խառնըվել իրար,
չգիտենք վաղը ի՞նչ պիտի բերի,
ու անհանգիստ է աշխարհը արար։

Ի՞նչ սովորեցինք այսօրից անցած,
ո՞ր մեկ սխալից պետք է ազատվել,
որի՞ն հավատալ, վստահել անդարձ,
որի՞ց հեռանալ կամ ձերբազատվել։

Ինչի՞ց է արդյոք, որ հարցը տալիս,
պատասխանի հետ կռիվ ենք անում,
օտարի պես ենք իրար տուն գալիս,
օտարի պես էլ թողնում-հեռանում։

Ինչու՞ ենք ներփակ ու դառը այսպես,
ինչու՞ չենք բացվում, վստահում իրար,
մենք մե՜զ թշնամի, ուրիշը ինչպե՞ս
բարեկամ լինի ու լինի սատար։

Եվ փրկությու՜ն ենք վերից ըսպասում,
երբ սեր, հույս, հավատ իրար չենք տալիս՝
մերժում, ժխտում ենք, անգութ բամբասում,
ի՞նչ է, մեր ձեռքից լոկ սա՞ է գալիս։

Եկեք չխառնենք ներկա ու անցյալ,
անցյալը անցե՜լ, մեզ հետ է ներկան,
և քանի ուշ չէ՝ հաշտ ու միացյալ
նրան կամրջենք վաղը՝ ապագան։

Եվ հարցը դնենք հատու՛, հենց այսպես՝
ունե՞նք Խմբավար ու կուռ Ծրագիր,
հերիք չէ՞ որքան անտեր որբի պես
այս ու այն հողում լինենք տարագիր։

Ունե՞նք Խմբավար, որ այս խառնաձայն
խմբից երգչախումբ և ուժ արարի,
որ ներդաշնակվի ազգը բաղաձայն,
որ միասնության ոգին դալարի։

Թող փոխվի կարգը ժամանակների,
անփոփոխ ի՞նչ կա աշխարհում արար,
վաղը նոր օր է, նոր կյանք կբերի
առավոտ լուսո արեգակն արդար։
02-03-03