ՈՒՂԻՆԵՐԻ ՀԵՏ

 

 

Ինձ հմայում են ճանապարհները այս օձագալար,
աչքերս փակում ու հանձնվում եմ նրանց սլացքին,
նեղ ու լայնահուն, ուղղաձիգ, ոլոր, զառիվեր ու վար
ուղիների հետ դեգերում է իմ անհանգիստ հոգին։

Ասես փորձում է ճանապարհների խորհուրդն հասկանալ
ու ժամանակի փոշու մեջ կորած շերտերում բոլոր
անընթեռնելի ձեռագրի նման վերծանել-բանալ
ոտնահետքերի, անվահետքերի գաղտնիքները խոր։

Ճանապարհների հիշողությունն է ուզում արթնացնել,
հուշիկ քանդում է հիշատակների թնջուկը խրթին,
փորձում է հաշվել քանի՞սն են եկել, անցել, գնացել,
խնդությու՞նն է շատ, թե՞ տառապանքը աշխարհում այս հին։
09-10-2001