«Ուսուցչուհիս»

 

 

*  *  *

…Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը անպարփակելի մի խորհուրդ ունի նոր ձևավորվող մարդու կայացման ճանապարհին։ Խորհուրդ, որ տարիների փորձառության կուտակումով էլ ավելի է իմաստավորվում ու արժեվորվում։ …Երբ այսօրվա հասունությամբ եմ թերթում հուշերիս ալբոմը, աչքերիս դեմ հառնում է տարիների մեջ փոքր-ինչ դալկացած, բայց չխունացած մի պատմություն…
1956 թվականն է, գարուն: Ես՝ ութերորդ դասարանցի աղջիկ, հայ գրականության ուսուցչուհի Լյուքսեմ Աբրահամյանի հորդորով մայրիկիս հետ գնում եմ Պիոներ-Դպրոցականների Պալատ։ Պետք է ներկայանամ Գրական Խմբակի ղեկավար Սուսաննա Բաբայանին։ Անչափ հուզված, քիչ էլ վախեցած եմ։ Դա սովորական հանդիպում չէ։ Գրականությամբ լրջորեն հետաքրքրվող և ապագա խոստացող երեխաների ճակատագրի հմուտ մասնագետին եմ ներկայացնելու իմ առաջին ստեղծագործական թոթովանքները։
Գիտեմ, ուսուցչուհիս իմ մասին արդեն խոսել է նրա հետ։ Թե ի՞նչ, իհարկե չգիտեմ։ Ընկեր Աբրահամյանը ինձ ևս, հեռակա կարգով, ծանոթացրել է իր համակուրսեցուն։ Սակայն ասել է մեկ-երկու բառ։ Մանկավարժին բնորոշ հեռատեսությամբ և առանց զեղումի նշել է, թե նա այդ գործի հմուտ վարպետն է։ Այսինքն՝ թողել է, որպեսզի նրա հետ իմ առաջին հանդիպման ժամանակ ես ապավինեմ սեփական դիտարկումներիս և զգացումներիս։
Իսկ ես, զանց առնելով նրանց տարեկից լինելու հանգամանքը, (չէ՞ որ գիտեմ՝ ուսուցչուհիս և ընկեր Սուսաննան համակուրսեցի են եղել), գուցե հուզմունքիս ու վախիս պատճառով նկարել եմ նրա պատկերը որպես տարիքոտ, գեր մի կին, մազերը՝ գլխի գագաթին ձիգ հավաքած, զննող աչքերով, դեռ ակնոցն էլ քթի ծայրն իջեցրած։
Մայրիկս ծեծում է դուռը, և մտնում ենք ներս։ Աստվա՜ծ իմ, ի՜նչ ապիկար էր մտքիս նկարիչը, այս ի՜նչ խաղ բերեց գլխիս… Նա երիտասարդ է, բարեկազմ, ուսերին հազիվ հասնող ալիքավոր շագանակագույն մազեր ունի ու ժպտացող, բարի աչքեր… և ակնոց չկա ոչ քթի ծայրին, ոչ էլ ձեռքը բռնած… Նկարիս հակապատկերը…
…Մինչ ես՝ սխալված լինելուս ամոթին միախառնված անակնկալ հաճույքից ու հիացմունքից քարացել, չգիտեմ որտեղ կամ ինչպես թաքցնեմ այրվող դեմքս, սառած ձեռքերս, ձեռքիս տետրակը, սենյակի կենտրոնում տեղավորված մեծ սեղանի մոտից դեպի մեզ է առաջանում ասես Կրամսկոյի հայտնի նկարից կենդանություն առած «Անծանոթուհին», բայց ոչ թե դեպի հեռուներն ուղղված խորհրդավոր հայացքով, այլ հյուրընկալ մարդու ժպիտից փայլող աչքերով։
-Օ՜, մենք համարյա հասակակիցներ ենք,- ու ձեռքը մեկնում է մայրիկիս։ -Սուսաննա Բաբայան։ Իսկ քեզ պատկերացնում էի հենց այսպիսին։ Լյուքսեմը,- այստեղ նա մի պահ լռում, ապա, ինքն իրեն ուղղում, շարունակում է,- ընկեր Աբրահամյանը շատ ճիշտ էր նկարագրել իր աշակերտուհուն։ Ասում ու քնքշորեն գրկում է ինձ։
Մտքերս վազում են անսովոր արագությամբ։
-Բայց ինքը Ձեր մասին ոչինչ չէր ասել…
Չգիտեմ, ի՞նչ է ասածս… արդարացու՞մ է երևակայությանս այդ դավաճան նկարչի չար խաղի համար, շփոթմունքս թաքցնելու անճարակ ճի՞գ, թե՞ հիացումս խոստովանելու միամիտ մի փորձ… Եվ որտեղի՞ց եկավ այդ համարձակությունը… Չեմ հասկանում, բայց զարմանալի թեթևություն եմ զգում։ Ուզում եմ ինքս էլ գրկել նրան։ Անշու՜շտ, չեմ հանդգնում։ Եվ, այնուամենայնիվ, սառույցն արդեն կոտրված է։ Եվ կոտրողն ինքն է՝ «Անծանոթուհին»…
Ես այսօր ուզում եմ վկայել և պետք է անպայման վկայեմ, որ Սուսաննա Բաբայանը, ի թիվս այլ առաքինությունների, իրապես ուներ կախարդական մի բանալի, որով նրա բոլոր սաների (իսկ այս պատմության պարագային նույնիսկ քիչ առաջ ներկայացածի) հոգու դռները անմիջապես բացվում էին նրա առաջ։
-Դե՜, հիմա տեսնենք, թե ի՞նչ է թաքնված ակնհայտի ետևում… Այս զարմացած ու հիացած աչքերը ինչպե՞ս են տեսնում աշխարհը։
Չէ՜, այս կինը իրոք որ կախարդուհի է… Այլապես ինչու՞ պիտի հենց «զարմացած ու հիացած» ասեր… ուրեմն շատ լավ էլ տեսավ ու հասկացավ, թե ինչ եմ զգում-մտածում իր մասին… Մինչ ես ավելի ու ավելի եմ հուզվում, նա ինձ հրավիրում է նստել իր դիմաց։
-Մայրիկիդ տեղը իմ կողքին է։ Մենք այսօր քո հանդիսատեսն ենք։ Սկսիր, ես ուզում եմ լսել քո բոլոր, բոլո՜ր գաղտնիքները։
Քննությունն սկսվեց, մտածում եմ ես։ Այտերս այրվում են… կոկորդս ավելի է չորանում… լեզուս ավելի է ցամաքում։ Ինչպե՞ս պիտի կարդամ… Մյուս կողմից էլ՝ մտածում եմ, թե ամեն գնով պետք է լավ տպավորություն թողնել՝ նրա ընտրությանն արժանանալու, ընկեր Սուսաննայի սանուհին դառնալու համար։
Դողացող մատներս բացում են տետրը, ձեռքերս թաքնվում են սեղանի տակ… Կարդում եմ առաջին պատահածը։
-Շարունակիր,- լսում եմ նրա մեղմ ձայնը։
Դեմքին նայել չեմ համարձակվում։ Իսկ մատներս, որ սեղանի տակ կպել են իրար, չեն շարժվում։ Ինչպե՞ս թերթեմ դիմացս դրված տետրը։ Թե ինչպե՞ս, չեմ հիշում, բայց սկսում եմ լսել սեփական ձայնս, որ կարդում է հաջորդ, երրորդ, հետո՝ արդեն չգիտեմ որերորդ ոտանավորը։ Մինչ այդ կարծեմ քիչ-քիչ գտնում եմ ինքս ինձ, երբեմն նույնիսկ թաքուն մի հայացք եմ նետում նրա դեմքին։ Իսկ նա շարունակում է լուռ լսել, ժպտալ։ Արդյոք ի՞նչ է մտածում… Պա՜րզ է։ Չի ուզում վիրավորել, դրա համար է լուռ. չի ընդհատում, թողնում է, որ կարդամ, դեռ ժպտում էլ է, քանի որ բարեկիրթ մարդ է, չի ուզում թևաթափ անել…
Փակում եմ տետրս։ Ձեռքերս նորից սեղանի տակ, ծնկներիս վրա են, իսկ հայացքս սառել է փակված տետրիս վրա։ Սպասում եմ։
-Շնորհավորում եմ. միտքդ ու բառերդ հաշտ են իրար հետ, դու կարողանում ես զգացումներդ տեսանելի դարձնել։ Երևակայություն և տարերք էլ ունես։ Լավ, ճիշտ սկիզբ է, որ պետք է շարունակել։ Շատ պետք է կարդաս, նոր բաներ պետք է սովորես։ Այո, անելիքներ շատ կան, միասին կաշխատենք։ Իմ ընկերուհին՝ ուսուցչուհիդ, գործն արդեն սկսել է, քեզ թևեր է տվել, սավառնե՜լը ես կսովորեցնեմ։
Այսօրվա պես հիշում եմ… Մինչ նա խոսում էր, մինչ ես, շունչս պահած, լսում էի նրա մեղմիկ ձայնը (նրա ասածները ձայնագրված են հիշողությանս մեջ, չի ջնջվել մեկ բառն անգամ…), աչքերս սկսում են ծակծկվել ու այրվել… Այլևս չեմ կարողանում տիրապետել ինձ ու ազատություն եմ տալիս արցունքներիս…
Հիմա իրոք չգիտեմ, թե ինչ էի զգում ու ապրում այդ պահերին, գիտեմ, սակայն, որ դրանք կյանքիս առաջին երջանիկ արցունքները եղան, քանզի հասկացա, որ նրա Սուսաննայի սանուհին եմ արդեն։ Միևնույն պահին հասկացա և այն, թե որքա՜ն շրջահայաց, որքա՜ն նրբանկատ էր ընդամենը մեկ ժամ առաջ ինձ անծանոթ այդ կինը, որ չտեսնելու էր տալիս հոգուս պոռթկումը… իբրև թե զբաղված իր մատյանով, որի մեջ ինչ-որ նշումներ էր անում…
-Շաբաթը երկու անգամ կհանդիպենք, դու մեծերի խմբում ես։ Հիմա նորից կարդա ուսուցչուհուդ նվիրված բանաստեղծությունը. կարդա և բացատրիր, այդ ինչու՞ ես ճերմակած մազերով պատկերել իմ երիտասարդ ընկերուհուն։
Ես այսօր ամբողջությամբ չեմ հիշում գրածս, հիշում եմ միայն մի քանի տող, այն էլ երևի նրա համար, քանի որ ընկեր Սուսաննան պահանջել էր կարդալ ու բացատրել հենց ա՜յդ տողերը։ Ահա.
…Մազերիդ արդեն եղյամ է իջել,
բայց ի՜նչ փույթ, չէ որ վաստակն է կյանքիդ,
մեզ համար ոչինչ դու չե՜ս խնայել,
ուր մնաց՝ գույնը մետաքս մազերիդ…
-Բայց ես սրանով ընկեր Աբրահամյանին չեմ նկարագրել։ Այն նվիրված էր իմ առաջին դասարանի ուսուցչուհի Հեղինե Փանոյանի ծննդյան 60-ամյակին,- արդարանում եմ ես…
Որքան կուզեի, որ գրիչս երախտիքի այս խոսքը գրեր որպես Սուսաննա Բաբայանի ծննդյան հոբելյանին նվիրված ջերմագին ողջույն և ոչ որպես նրա մահվան 40-ամյակի առիթով վերապրված հիշողություն։ Խնդիրն այն է, որ Երևանից վերջերս լուր ստացա, թե Գրական Խմբակի ընկերներս որոշել էին մեր սիրելի ուսուցչուհուն նվիրված հուշագիրք հրատարակել, դիմել էին նաև ինձ՝ ուղարկելու սրտիս խոսքը։ Ես չէի կարող սովորական մեկ-երկու հուշ պատմել, դրվատել նրա մանկավարժական առաքինությունները միայն. դա չէր բավարարի ինձ։ Ընկեր Սուսաննայի դիմանկարը պետք է լիներ իր ուսուցանած եղանակով՝ անսպասելի ու անպաճույճ, որպեսզի ընթերցողը հեղինակի տողերում կարոտի թրթիռներ զգար:.Հուսամ, հենց այդպես էլ ստացվեց…
…Իսկ մխիթարությունս, այնուամենայնիվ, այն է այսօր, թե այս աշխարհում ինձ բախտ էր վիճակված սանուհին լինել լուսավոր մի մանկավարժի ու մարդու, որն անհատնում գիտելիքների հետ նաև իր հոգին էր դնում վարած դասերի մեջ… Մասնագետ, որ ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային գրականության հմուտ գիտակն էր ու անխոնջ ուսուցիչը, մշտապես խստապահանջ և համբերատար, բացառապես անզիջում և ոգևորող, ու մանավանդ՝ իր բոլոր, բոլոր սաների նկատմամբ հավասարապես գորովալի։
Մխիթարությունս այսօր նաև այն համոզմունքն է, որ նա, թեև հավերժի ու անսահմանության բնակի՜չը վաղուց, շարունակում է մնալ աշակերտների հիշողության մեջ՝ ապրել իբրև անբաժանելի մի մասնիկը նրանց կյանքի ու էության։
Ուրեմն, թող ամենևին էլ տարօրինակ չթվա, որ սրտիս խոսքը ես ավարտելու եմ նրա ծննդյան 85-ամյակը շնորհավորելով: Քանզի ես, ի հեճուկս մահվան ու ցավի, կգերադասեի տոնել Սուսաննա Բաբայանի՝ մանկավարժի, հոգեբանի, արվեստագետի, ամենքի՜ն սիրելի մարդու կյանքը, որ անմնացորդ նվիրում էր սիրած գործին և որ վիթխարի փոփոխություն բերեց մի ամբողջ սերնդի ճաշակին ու ճակատագրին։ Ես խորապես համոզված եմ, թե հայոց լեզվի, գրականության, արվեստի, նաև լրատվության բնագավառների այսօր արդեն անվանի բազում դեմքեր, որոնք նրա սանը լինելու երջանկությունն են ունեցել տարիներ առաջ, որ իրենց հոգում մշտական երախտապարտությամբ են կրում աննման ուսուցչուհու պատկերը, հավանություն պիտի տան զգացումներիս, ինձ միանան՝ տոնելու Սուսաննա Բաբայանի ծննդյան 85-ամյակը, նրա կյանքը, նրա շքեղ վաստակը…