Այս երկնքի տակ ամեն ինչ ունի
մի օրինագիծ, մի չափ, մի սահման,
ներաշխարհը լոկ սահմաններ չունի
և ճանաչում է միայն մեկ պայման…
Պայմանն այն է, թե ամեն ոք ունի,
փոքրիկ մի տարածք՝ գողտրիկ մի եզերք,
տնանկը անգամ, որ տանիք չունի,
իր հոգում ունի մեկ ափ տիեզերք…
Պայմանն այն է, թե գունեղ կամ անգույն,
շքեղ կամ անփայլ, հարուստ կամ աղքատ,
իր մոլորակի տարածքում ուրույն
մարդը հզոր է՝ արծի՜վ է հպարտ…
Պայմանն այն է, թե երազից հառնող
այս մոլորակը իր երկինքն ունի,
ուր անուրջների թևին սավառնող
մարդը նման է ազատ թռչունի…
Իրողությունը հենց սա է, որ կա,
և ո՞վ կարող է հակառակն ասել,
զի ծառա լինի, թե լինի արքա,
իրավասու է հրաշք երազել…
Օ՜, ներաշխարհը… մանրանկարը
այս մեծ աշխարհի՝ փոքրիկ տիեզերք,
ուր հղանում է հոգու քանքարը՝
թոիչքը դեպի անհայտ մի եզերք…
Այլ երանգ ունեն գույները այնտեղ,
ձայները այնտեղ այլ կերպ են հնչում,
և ժամանակը՝ անդուլ, մշտահեղ,
այնտեղ է միայն մի՜ պահ կորնչում…
Ա՛յդ վայրկյանին է պատկերը տրվում,
մեղեդին ծորում խորքի լարերից,
ստեղծագործության ոգին արարվում,
ու …ժամացույցը շարժվում է նորից…
Մինչ սլաքները վազում են չքված
վայրկյանի հետքով՝ բռնել են փորձում,
պահը դառնում է կտա՜վ, ե՜րգ, քերթվա՜ծ,
երազից դեպի կյանք է մուտք գործում…
…Այս երկնքի տակ ամեն ինչ ունի
մի օրինագիծ, մի չափ, մի սահման,
արարումը լոկ սահմաններ չունի
և չի ճանաչում օրենք ու պայման…,
Հոգին այսպես է զավակներ ծնում,
և նրա ցավին Աստված է ներկա,
հրաշք-երկունքը այլ կերպ չի լինում,
իրողությունը հենց սա է, որ կա…
Օ՜, ներաշխարհը… մանրանկարը
այս մեծ աշխարհի՝ փոքրիկ մի եզերք,
ուր հղանում է հոգու քանքարը՝
թոիչքը դեպի մեկ այլ տիեզերք…
06-09-05