Իմ պատշգամբից դիտեցի ինչպես
ծաղկեց ու փթթեց թուփը օրեցօր,
և հետո դանդաղ մարեցին ասես
ալ ծաղիկների լույսերը բոլոր,
կանաչ ճյուղերից թափվեցին հողին,
հոգիս մորմոքեց թախիծը դեղին…
Բայց սա չէր, որ ինձ խենթություն բերեց։
Իմ պատշգամբից լսեցի ինչպես
մի լուռ առավոտ, արևոտ մի օր
հարևանուհիս անսիրտ դահճի պես
մկրատով կտրեց ճյուղերը բոլոր,
ասաց՝ թող ազատ ելումուտ անի
արևն ապակուց իր պատուհանի…
Բայց սա չէր, որ ինձ խենթություն բերեց։
Իմ պատշգամբից ես տեսա ինչպես
մի ցուրտ առավոտ, ամպամած մի օր,
այն կոտորածին պատասխան որպես
բացվել էր դարձյալ ծաղիկ մի բոսոր,
պատուհանի դեմ ժպտում էր կրկին
վիրավոր թփից այս բիրտ աշխարհին…
Ու սա էր, որ ինձ խենթություն բերեց։
01-02-2002