ՊՈԵՄ՝ ԾՆՎԱԾ ԹՅՈՒՆՆՈՍԻ ԿԻՐՃՈՒՄ

 

 

Չվհատվող ու ինքնիշխան այսքան,
դառնում եմ սակայն միգրեն կոչեցյալ
հրեշի գերին, տրվում եմ դեղին,
որ ինձ չի օգնում, երբեք չի օգնել,
բայց ամեն անգամ ընդունում եմ դեռ
չմարող լույսով՝ հրաշքի հույսով։

Ցավը հաղթելու շատ ձևեր չկան:
Կամ պիտի թթվես, կամ էլ հումորով
ու երգիծանքով միտքըդ համակես,
նույնիսկ քո անձը ծաղրուծանակես,
ցավը գանակես, դու հաղթանակես,
ինքը պարտըվի, զայրույթից դեղնի,
կապտի, կանաչի, գուցե ամաչի՝
պոչը հավաքի, գլխիցդ փախչի։

Ուրեմն, այսպես։ Դատարկ ստամոքսով,
որ բողոքում է դառը դեղերից,
ցավից այլայլված՝ ուռած երեսով
նստել եմ իմ հին ավտոմեքենան,
որ ծերացել է ճիշտ տիրոջ նման,
բայց շնչում է դեռ, ամեն առավոտ
տնքոց-փնչոցով ես իրեն քշում,
ինքը ինձ քաշում, այսպես միասին
գործի ենք գնում, ես աշխատում եմ,
ինքը փողոցում ինձ է ըսպասում
մինչև երեկո, երբ հոգնած-ջարդված
ես իրեն քշում, ինքը ինձ քաշում,
դարձալ միասին մենք տուն ենք դառնում։

Այսինքըն՝ ճա՞րն ինչ։ Ես պե՛տք է գնամ,
և ինքը պե՛տք է տանի ու բերի։
Եթե չտանի ու թե չաշխատեմ,
ինչո՞վս պիտի իր ու իմ համար
ապրուստ հայթայթեմ, ծախսերը հոգամ,
տան, հեռախոսի, լույսի ու գազի
վարձը ինչպե՞ս տամ, կամ ինչո՞վ պիտի
իր ու իմ համար ուտելիք ճարեմ։

Քարը գլուխը իմ ուտելիքը։
Այսօր աշխարհում որքա՜ն մարդիկ են
մերկ ու անոթի ու անօգնական,
և որքա՜ն մարդիկ թափառական են
ու անօթևան, և որքա՜ն մարդիկ
գոյատևում են փշրանքներով լոկ։

Հիշու՞մ եք արդյոք «յոլա գնալը»։
Ես, ասենք, մի կերպ յոլա՜ գնացի,
կուշտ թե կիսակուշտ՝ բերան չեմ բացի…
Իսկ այս մեքենա՞ն: Թե չըկերակրեմ,
չի շարժվի անգամ։ Մեկ խոսքով՝ փորս
դատարկ ու սոված, դեռ գլխիս ցավն էլ
վրան գումարած, իսկ մեքենայիս
յուղո՜վ, բենզինո՜վ ինչպես որ կարգն է
նախաճաշ տված, Լա Թունա Քենյոն
կոչված մայրուղով գործիս եմ գնում։

Եթե թարգմանես, ճամփու անունը
Թյուննոսի Կիրճ է։ Չէ՜, չեմ մոգոնում,
ոչ էլ կատակ է։ Իմ բառարանում
թյուննոս է գրված թունայի դիմաց։
Ուստի քաղում եմ, թեև ոչ մի կերպ
ես չեմ հասկանում՝ ի՞նչ ընդհանրություն
կարող էր լինել թյուննոսի և այս
մայրուղու միջև։ Իմ գիտեցածով՝
ձկները միայն ջրում են ապրում։
Թյուննոս կոչվածը ծովային ձուկ է։
Ցամաքի վրա, այս լեռների մեջ
և կամ այս կիրճում ձուկն ի՞նչ էր անում։

Ավտոմեքենաս սահում է հանդարտ։
Ինքս ինձ խորհում եմ։ Ինչի՞ց է արդյոք,
երբ սոված է մարդ, միտքը ֆանտաստիկ
պատմություններ է ծընում անընդհատ։
Այ, հենց այս պահին գլխիս մեջ ձայներ
աղմուկ են գցել թյուննոսի մասին,
ի՜նչ հեքիաթներ են հորինում-սարքում,
ի՜նչ տեսություններ, ինձ էլ ստիպում են
ուշադիր լսել, կարծիքըս ասել։
-Թե հերթով խոսեք, աղմուկ չլինի,-
ասում եմ նրանց,- զրույց կլինի,
իրար կլսեք, բան կհասկանանք։
Պատկերացնու՞մ եք, համաձայնու՜մ են։

Ես, խոսքը մեր մեջ, նախ խիստ զարմանում,
հրճվում եմ ապա, քանզի զարմանքիս
գումարվում է և մի հպարտություն։
Ինչու՞ են հապա բամբասում-ասում՝
իբրև կռվարար ու անհամերաշխ,
մեր էշը քշող, ոչինչ հանդուրժող
ժողովուրդ ենք մենք, չենք սիրում իրար։
Ուրեմն, պարապ հերյուրանք էր դա,
մի նախանձ ու չար արտահայտություն։
Ճիշտը որ ասեմ, հավատացել ու
անհանգիստ էի։ Բայց, այ, հե՛նց հիմա,
հենց ա՛յս վայրկյանից միտքըս ցնծում է,
սիրտըս հովանում, միգրենիս ցավն է
նույնսկ մեղմանում։ Տեսնես թյուննոսի
հա՞րցը ինչ եղավ, և որտե՞ղ հասավ
կիսատ մնացած այն պատմությունը։

Մտքիս ձայներից մեկը ասում էր.
-Ժամանակ առաջ այս կիրճը գուցե
լեռնային վարար և օձագալար
մի ինչ-որ գետի խոր հունն էր եղել:
Ժամանակ առաջ գուցե մի թյուննոս,
որ իր ցեղակից մյուս ձկների դեմ
պայքար էր մղում հանդուգըն, ըմբոստ,
կռվել, խռովել, գլուխը առել,
իր ծովը թողել, երկար թափառել,
այդ գետն էր հասել ջրի հոսանքով…

Մյուս ձայնն ասում էր. -Ես մտածում եմ,
թե արտաքսել են, խեղճը չէր փախչի
սեփական կամքով… Ես կասկած ունեմ
խոշոր ձկներից… Դե՜, հալածել են,
քշել մայր ծովից, զրկել տուն-տեղից,
ու նա էլ եկել, օտար ջրում է
դրել իր բույնը, կիրճի վրա էլ
երևի դրել թյուննոս անունը…

Ես համաձայնում, մի բան էլ ինքս եմ
սրան գումարում, թե՝ ժամանակ անց
հավանաբար այդ գետը ցամաքել,
թյուննոսն իր ազգ ու տակը հավաքել,
հարկադրված այլ վայր է գնացել,
իր անու՜նն է լոկ կիրճում մնացել…

Ավտոմեքենաս սահում է հանդարտ։
Ես մոռացել եմ թյուննոսի մասին,
ի՜նձ էլ մոռացել ու երանության
պահն եմ ըմբոշխնում հայացքըս անթարթ,
լսողությունըս՝ հարյուր հինգ կետ մեկ
ռադիոալիքին, որ ամենօրյա
ու անդավաճան զրուցակիցս է
այս ճանապարհին, իմ տխրությունն ու
իմ խնդությունը՝ երաժըշտության
ներդաշնությունը, որ տանում է ինձ
մի ուրիշ աշխարհ, ուրիշ տիեզերք,
որ իմն է համայն, որ չի երևում,
բայց ես տեսնում եմ, նույնիսկ երբեմըն
այցելում եմ ու փարվում եմ նրան,
ինքն ինձ է փարվում… Որ գուցե չկա,
պատրանք է միայն, բայց հավատում եմ,
սիրում եմ նրա գեղեցիկ սուտը
ու մոռանում եմ տգեղ-ատելին
և այդ պահերին երջանկություն է
լոկ արտացոլում կյանքիս հայելին…

Ավտոմեքենաս սահում է հանդարտ։
Ես վայելում եմ «Մագնինֆիգատ»-ը։
Իրար փաթաթված լեռների միջև
ձգվող-երկարող ոլորապտույտ
այս ճանապարհին՝ Թյուննոսի կիրճում,
երգեհոնային երաժշտության
մեծ մոգապետը այլ կախարդանք է
կաթեցնում հոգուս ականջների մեջ։
Ինքնամոռացման այս արբեցումից
աչքերիս դիմաց երկիր ու երկինք
միաձուլվում են, ամեն երկրային
աստվածանում է աչքերիս դիմաց,
աստվածայինը, ների՜ր ինձ, Տե՜ր իմ,
ասես մարդանում ու մարդկայնանում…

Ավտոմեքենաս սահում է հանդարտ։
Հարյուր հինգ կետ մեկ ռադիոալիքի
գովազդն է հիմա… Հաղորդավարի
գերաշխույժ ձայնը արթնացնում է ինձ,
կտրում է Բախից ու Գերմանիայից,
տեղափոխում է դեպի Իտալիա,
սակայն …մարմնական սնունդի համար։

Երգեհոնային երաժշտության
անբացատրելի թովչանքն անընդհատ
երազ էր թվում, և անուշ քնից
բիրտ արթնացումը ցավ է պատճառում։

Չեմ կարողանում ես մեկ ակնթարթ
գտնել ինքըս ինձ, չեմ կարողանում
նույնիսկ հավատալ իմ ականջներին՝
իրո՞ք պիցայի մասին է խոսքը։

Հաղորդավարը անլուր հաճույքով
ու ախորժակով, անշուշտ անտեղյակ
իմ այս ցնցումին, շարունակում է
գովել, դրվատել «օրգանիկ պիցան»,
որ պատրաստվում է փոքրիկ քաղաքում
մի իտալական օրգանիկ ձևով,
ավելացնում է՝ օրգանիկ ջրով,
ալյուրն օրգանիկ, վրան՝ օրգանիկ
պանիր ու երշիկ, տակը՝ լոլիկի
կաս-կարմիր մածուկ, նույնպե՜ս օրգանիկ։

Թե կարենայի, թե հնար լիներ,
հարցընել նրան՝ իսկ փու՞ռը, եղբա՜յր,
օրգանիկ փու՞ռը ինչու մոռացար,
ինչու՞ մոռացար կարմիր թշերով
խեղճ փռապանին, որ պիտի թխեր
օրգանիկ պիցան… Նա չէ՞ր առնչվում
գովազդի նյութին այս զավեշտական…
Թե կարենայի, թե հնար լիներ
հարցընել նրան՝ կապ ունե՞ր արդյոք
օրգանիկ պիցան Սեբաստիան Բախի
«Մագնինֆիգատի» և կամ դասական
հարյուր հինգ կետ մեկ այս կայանի հետ
ու աստվածային երաժշտության։

Իրոք անհեթեթ մի կատակ է սա,
բայց սա էլ կուլ տանք, ինչպես կլլում ենք
շատ ու շատ բաներ մեր այս նոր դարում,
երբ ինչը ի՞նչ է, ով ի՞նչ է անում,
ինչպե՞ս է անում, ինչու՞ է անում
ոչ հասկանում ենք, ոչ էլ բացատրում…

Ավտոմեքենաս սահում է հանդարտ։
Ես մտածում եմ՝ թե ինձ չտանջեր
այս անտանելի միգրենն անընդհատ,
կծնվե՞ր արդյոք թյուննոսի մասին
այս պատմությունը… կամ կզարմացնե՞ր
անմեղ գովազդի տափակությունը։

Հետո նոր հարց է գլխումըս ծագում։
Ինչպե՞ս է լինում, որ չի դիմանում
միգրենի ցավին համարյա ոչ ոք,
թե սուրբ էլ լինի՝ պիտի հայհոյի
դառը, անողոք… իսկ ես՝ անմռունչ,
դիմանում եմ դեռ այսքան տարիներ…
Մտածում եմ, թե չէր կարող լինել
սա պատահական, թե ամեն ընթացք
այս մեծ աշխարհում պետք է ունենա
մի բացատրություն ու մի պատասխան։

Մտածում եմ, թե երբ ամեն անգամ
միգրենը դաժան հարձակում գործում
ու գլխիս վրա իր խաղն է փորձում,
մարմի՜նս է հյուծում, մարմինըս միայն…
Իսկ հոգիս, հոգիս թևերը բացում,
հենց այդ պահին է ինձ վեր բարձրացնում,
ուժ տալիս այնքան, ես մոռանում եմ
մարմնիս ցավերը, հոգսերըս համայն։

Այս պահերին են մտքերըս ըմբոստ
թռիչքներ գործում… Հաղթողը ես եմ
և խոյանալիս անեծքի մասին
ու հայհոյության ես չեմ մտածում։
Ես եմ հաղթողը, զի հասկանում եմ,
որ հե՛նց այդ պահին, հենց ա՛յդ պահին է
պարտըված ցավը զենքը վար առնում,
որ տառապանքից մի լույս է հառնում
նորոգ հաշտության, ու հաջորդ պահին
իմ ցավոտ գլխում մեղեդի դառնում,
փոխակերպվում է բանաստեղծության…
02-17-04