ՍԱՏԱՆԱՅԻ ԱՌԱՍՊԵԼԸ

 

 

Ինձ պատմեցին մի առասպել,
թե ոչ պակաս, ոչ ավելի,
չար սատանան մտքին դրեց
ու որոշեց՝ Աստըծո պես
ինքն էլ պիտի մարդ արարի։

Ինչպես գտավ ճարը հարցի,
ես չգիտեմ, չեմ էլ փորձի
խառնել գործը սատանայի։
Ասածն արեց՝ Աստըծո պես
իբր ինքն էլ մարդ արարեց։

Արի ու տես, արարածը
մարդ չստացվեց, գայլ դուրս եկավ։
Մինչ սատանան խիստ շվարած
հայհոյում էր, նորելուկը
սատանային կծեց, փախավ…

Այո՛, կծե՛ց, սատանայի՜ն,
նրան, որին ցավ տվողը
այս աշխարհում դեռ չէր ծնվել։
Ի՜նչ պատիժ էր ու ի՜նչ կրակ,
պատիվն եղավ խաղք, խայտառակ։

Կաղ սատանան խիստ գազազած,
երկիր, երկինք իրար խառնած,
հողմ ու փոշու ամպեր հանեց՝
իրեն ծածկեց, վարագուրեց,
պարտությունը իր պարտըկեց։

Բայց այսպիսով պատմությունը
կիսատ մնաց։ Չհասկացանք՝
գայլի ճուտը սատանայի
ի՞նչը կծեց։ Ուստի հարցը
հիմա պիտի մենք որոշենք։

Ես դիմեցի ընկերներիս
և պատասխան առա բազում.
մեկը ասաց՝ սիրտը կծեց,
պոչը երկար, երրորդն էլ թե՝
կոտոշները հավանաբար։

Եղան մարդիկ՝ սատանայի
ամենանու՜րբ տեղին կպան
(քննարկում է, կպատահի),
ամեն մեկը իրենն ասեց,
բայց լուծումը չգտնվեց։

Մինչդեռ այն հենց չորս տուն վերև՝
հենց առաջին տողի մեջ էր
շատ պարզորեն բացահայտված՝
կաղ սատանա… Ուրեմն ի՞նչ,
ո՜տքն էր կծել, ուրիշ ոչինչ։

Իսկ որպեսզի առասպելը
ամբողջանա, գրեմ ահա՝
կաղ սատանան, այդ օրվանից
խայտառակված, ամոթահար,
գետնի տակից դուրս չի գալիս…
07-05-2000