ՍԵՎ

 

 

(որ կուզեի գոնե մոխրագույն լիներ)

Աչքածակ բառի վերջին տառերը
ահա ես ջնջում, փորձում եմ տեղը
արև նկարել: Եվ գիտե՞ք ինչու:
Որ աչքերը զույգ խոռոչ չլինեն,
լույս ներճառագեն՝ ողողեն հոգին,
ջահերի նման բարություն ցոլան…

Աչքածակ բառը չեմ սիրում: Սակայն
երբեմն այնքան կոկիկ է հագնում,
այնպե՜ս է սազում, որ ոչ թե գրված,
փորագրված է ասես ճակատին՝
տիեզերքի է՜ն խորը թափանցող
անտեսանելի երրորդի կողքին…

Այո, ճիշտ այդտեղ: Բայց ին՜չ եմ խոսում:
Թե սնամեջ են երկուսն առաջին,
էլ ի՞նչ երրորդ աչք տիեզերական:
Քանզի ոչ մի բան չի լցնելու այն
խոռոչները սին, ո՛չ երկնի լույսը
և ոչ էլ երկրի արծաթն ու ոսկին:
07-07-03