ՍԻՐԱԽԱՂ

 

 

Ծեր կոնտրաբասը հենվել է կնոջ
հոլանի կրծքին՝ հևում է, փնչում՝
բա՛-բա՛-բի՛-բա՛-բու՛մ, բա՛-բա՛-բի՛-բա՛-բու՛մ…
այս կինը իրեն ինչու՞ է տանջում…

Կինը վերացած գլուխը հակել,
աչքերը փակել, իր տարերքին է
հանձնըվել կրկին… Ծեր կոնտրաբասի
հսկա մարմինը սեղմել է կրծքին,
երկու թևերով փաթաթվել-գըրկել,
զորեղ ու երկար մատները պըրկել,
հատիկ առ հատիկ քաշում է, ձըգում
նրա լարերը իրար ետևից՝
բա՛-բա՛-բի՛-բա՛-բու՛մ, բա՛-բա՛-բի՛-բա՛-բու՛մ,
մի պահ դադարում, լարերը փնջում,
ձըգում է նորից այս անգամ փնջով,
գործիքը ծանըր հևում է, շընչում՝
բա՛մ-բա՛մ-բի՛մ-բա՛մ-բու՛մ, բա՛մ-բա՛մ-բի՛մ-բա՛մ-բու՛մ…

Կինը խաղում է կոնտրաբասի հետ։
Իսկ խեղճ ծերուկը՝ նրա հմայքին,
նրա քմայքին հընազանդ հավետ,
տիրուհու գրկում այս հաղթահասակ
հառաչում է լոկ, տնքում է, փընչում…
մինչ արձագանքը խուլ մռնչյունի
մերթ թևածում է հսկա դահլիճում
ու մերթ մարում է կնոջ ափի տակ…

Կինը չի տեսնում ասես ոչ մեկին։
Իր տարերքի մեջ ժպտում ամենքին,
այստեղ ու այնտեղ սրահում պայթող
ծափողջույններին խոնարհվում թեթև,
շարունակում է տարված նվագել…

Խաղում է կինը կոնտրաբասի հետ…
Ու սիրախաղից ծերուկը թեպետ
հոգնել է արդեն, բայց դեռ հնազանդ
կնոջ քմայքին, լուռ ենթարկվում է
տիրուհու կամքին, օրորվում է դեռ
գլուխը դրած հոլանի կրծքին,
մռնչում է խուլ, հևում է, փնչում՝
բա՜-բա՜-բի՜-բա՜-բու՜մ, բա՜մ-բա՜մ-բի՜մ-բա՜մ-բու՜մ…
ի՜նչ անուշ է այս կինը ինձ տանջում…
07-20-04