Ես համոզված եմ, թե արտաքինով
շատ սովորական՝ ամենքին նման
մի մարդ էիր դու այն տարբերությամբ,
որ վարպետորեն վազել գիտեիր
թիթեռնիկների թռիչքի հետքով
ու որսալ նրանց մետաքսե ցանցով։
Բայց համոզված չեմ, որ արտաքինով
շատ սովորական, ամենքի նման
հրճվանքը սիրտըդ ալեկոծում էր
թիթեռնիկի հետ ոչ սովորական
վազքի՞ մրցումից, երբ մարդ մանկացած,
ծաղիկների մեջ անձը մոռացած՝
անհոգ թիթեռ է ինքն իրեն կարծում,
թե՞ այն ժամանակ, երբ գնդասեղով
ամրացնում էիր նոր թիթեռնիկի
թավիշ մարմինը հավաքածուիդ
հին գերեզմանին… Ինչպե՞ս իմանամ…
Եվ հավանաբար չէի իմանա,
թե չտեսնեի սև մի շրջանակ
և ճերմակ հենքին հենց ապակու տակ
ձեռքի մեծությամբ չքնաղ թիթեռնիկ՝
թավիշ ու նախշուն, դեղին-սրճագույն
անշարժ թևերով… դագա՜ղ իսկական…
Սիրուն, կանաչ դաշտերում
դու ապրում ես համարձակ,
ծաղիկների բույրն անուշ
քո կերակուրն է միայն…
Ես անսիրտ մարդու շունչը ըզգացի։
Ինձ այնպես թվաց, թե արտաքինով
շատ սովորական, ամենքին նման,
այն մարդն էր երգում, որ վարպետորեն
կարող էր վազել թիթեռնիկների
թռիչքի հետքով, որ ահա դարձյալ
գերեվարել էր մետաքսե ցանցով
ևս մի թիթեռ, հերթական մի զոհ,
այս անգամ թաղել շրջանակի մեջ…
-Անսի՜րտ, անսի՜րտ մարդ, այս ի՞նչ ես անում,
շա՞տ ես համարում թիթեռնիկների
մեկ օրից էլ կարճ կյանքն այս աշխարհում…
07-25-03