Սովորական մի պատանի ու մի աղջնակ սովորական,
սովորական մի ծառուղի, սովորական մի նստարան,
սովորական մի երեկո, սովորական մի լռության,
սովորական գրկախառնում ու… համբույրի մի խենթություն։
Որոտ, կայծակ արտասովոր, արտասովոր իրարանցում,
սովորական կյանքը փոխվեց, հեքիա՜թ դարձավ մեկ վայրկյանում,
մութ ծառուղին բոցավառվեց՝ երկնքից բյուր աստղեր իջան,
ու ծառերի գագաթներից ցած կախվեցին ջահեր մարջան։
Հին պուրակը դարձավ դղյակ, ու պատանին՝ արքայազուն,
և ծառուղու նստարանը՝ հեքիաթի կառք ոսկեփայլուն,
աղջընակը՝ իշխանուհի, եղնիկաոտն կառքից իջավ,
ի տես նրա հմայքների, արքայազնի խելքը թռավ…
Սովորական մի ծերունի և մի տատիկ սովորական,
սովորական մի ծառուղի, սովորական մի նստարան,
սովորական մի երեկո, սովորական մի լռություն
ու անսովոր ա՛յն համբույրի սովորական հիշողություն։
12-04-2001