ՎԱՅՐԿԵՆԱՑՈՒՅՑ

 

 

Գիշեր է, բայց ես տակավին արթուն,
հեռուստացույցի իմ տուփի դիմաց
ու ամեն վայրկյան ալիք փոխելով,
դու՝ շրջանաձև քո տուփին կցված
ու ամեն վայրկյան լուռ տրոփելով
դիտում ենք իրար՝ երկուսս էլ անքուն…

Քանի՞ անգամներ իմ ու քո միջև
ալիքները այս աչքերիս առջև
պիտի պըտըտվեն… ու քանի՞ անգամ
տասներկուսից մեկ, մեկից տասներկու
շրջան գծելով առանց հոգնելու
շրջանակիդ մեջ պիտ տրոփես դու…

Շարժվել չեմ ուզում։ Ու քառակուսի
իմ սենյակի մեջ շարժվում է միայն
սլաքդ երրորդ համաչափ այնքան
և այնպես համառ, որ ես վարակվում,
տասներկուսից մեկ, մեկից տասներկու
հետդ միասին հաշվել եմ փորձում …

Չեմ էլ նկատում, թե կամաց-կամաց
քիչ-քիչ փոքրանում, մեկ կետ է դառնում
իմ քառակուսին, իսկ պատից կախված
քո շրջանակից թևդ երկարում,
իր գիրկն է առնում մարմինս խոնջած
ու Մորփեոսի գիրկն է գլորում…
11-12-2002