ՎԱՐԱԳՈՒՅՐ

 

 

Ժանյակազարդ ու դարսերով բազում
պատն ի վար սահել, իջել կամացուկ,
իբրև անտարբեր իր համար նազում,
սակայն զույգին է հսկում նա ծածուկ։

Հսկում է զույգի սերն ինքնամոռաց,
որ իրար խառնել գիշեր ու ցերեկ,
մեղրալուսնի խենթ վայելքով արբած,
չգիտեն այսօր, չգիտեն երեկ…

Ու սավառնում են հրաշք թռչունի
թևերին տրված Ադամն ու Եվան,
չար աչքը այնտեղ անելիք չունի,
զի վարագույրն է նրանց պահապան։

Իր բարի աչքով տեսնում ամեն ինչ,
աննախանձ լսում բարի ականջով,
քողարկում նրանց, չի թողնում ոչինչ,
ոչինչ երևա ապակու միջով։

Ու չի երևում, մնում է թաքուն։
Ու բամբասանքը մնում է քաղցած։
Ու զայրանում է անտեսիլ ուրուն,
քանզի չի բացվում սերը իր դիմաց։
10-19-05