Ավազների մեջ ես նրան գտա
անձրևոտ մի օր ծանոթ ծովափում,
ուրիշը ասեր՝ չէի հավատա,
կմտածեի՝ հեքիաթ է պատմում։
Սիրում էի, երբ խեցուց ականջիս
ծովի տըրոփն ու հառաչը հոսում,
արձագանքվելով կարոտի կանչիս,
կապույտ ջրերի երազն էր հյուսում։
Բայց սա ուրիշ էր։ Խեցին էր խոսում,
և պատմությունը տխուր էր այնքան։
Աստվա՜ծ իմ, ինչե՜ր, ինչե՜ր էր ասում,
մարդկային ձայնով թովիչ, դյութական։
Ասում էր, ինքը աղջիկ էր սիրուն
ու սիրում էր լուռ ինձ պես անրջել,
ալիքների հետ խոսել էր սիրում
և անձրևի տակ ծովափին շրջել։
Ասում էր, մի օր խաժաչ մի տղա
ջրերի միջից կանչեց կարոտած,
ասում էր, ասաց՝ արի՜, մի՜ դողա,
ես ասպետն եմ քո այնքա՜ն երազած։
Ասում էր, մարմնովն անուշ ցավ անցավ,
նետվեց ու լողաց տղայի գրկում,
հետո… վարդագույն մի խեցի դարձավ՝
ծովի հատակին, ջրերի խորքում։
Ուզեցի հարցնել՝ ինչու՞ էր տխուր,
խաժաչ այն տղան մոտը չի՞ գալիս։
Լեզուս կարկամեց, ես մնացի լուռ՝
հեքիաթասացին հարցեր չեն տալիս։
02-12-03