Նորահարս մայրս առաջին հղության վերջին օրերն է ապրում։ Մայր դառնալու բերկրանքին միահյուսվել է անծանոթ մի զգացում, բոլորովին խանգարելով առանց այն էլ դժվարացած քունը։ Մայրիկս երկյուղ է զգում մոտալուտ երկունքի գաղափարից, բայց քաշվում է, չի կիսում տագնապը… Միայն աղոթում ու սպասում է իր փոքրիկի աշխարհ գալուն… Այդ օրերին նա զարմանալի մի երազ է տեսնում… Զարմանալին, սակայն, ոչ թե երազը, այլ երազի այցելուն է, որին նա կյանքում չի տեսել երբևէ, որին ճանաչում է նկարով միայն…
Այցելուն մայրիկիս սկեսուրն է…
…Ես չեմ կարողանում լիաբերան «մեծ հայրիկ», «մեծ մայրիկ» ասել… Օ՜, մի շտապեք դատապարտել… Ե՜ս չեմ մեղավորը։ Թու՛րքն է հանգուցել լեզուս աշխարհ գալուցս դեռևս քսանվեց տարի առաջ՝ 1915-ին… Խլել է մեծ հայրիկ, մեծ մայրիկ ունենալու իմ իրավունքը հենց այն պահից, երբ Հարություն և Եսթերիկ Բաստրմաջյանները, տակավին իրենց կյանքի գարնան մեջ, ոչնչացվել են տանջահար… երբ հինգ, երկու ու մեկ տարեկան երեք ձագուկները որբ, անտեր են մնացել անապատում…
Եթե մորեղբորորդին՝ Վարդանիկ Գոնտուրուճյանը, որբերին հրաշքով չհասցներ նույն արյունոտ ձեռքով այրիացած Մարիամ հորքուրին, եթե չհանձներ նրա հոգածությանը, այս երեքն էլ պիտի ոչնչանային՝ անհաշիվ ծնողազուրկ հայ մանուկների շարքում…
Բայց Վարդանիկը նախ աքսորի ուղիներով պիտի անցներ՝ Սուրիա հասնելու, երեխաներին Մարիամին հանձնելու համար: Ինչպե՞ս անցավ քսաներկուամյա երիտասարդը վտանգներով լի այդ ճամփան…Գերդաստանիս պատմությանն առնչվող այս և այլ բազմաթիվ հարցերի պատասխանները, որ մասամբ գիտեի միայն, ստացա տարիներ անց, 1972 թվականին, երբ մեկ ամսով գտնվում էի իմ ծննդավայրում՝ Բեյրութում։
Բայց, նախ՝ պետք է ծնվեի։ Ուրեմն, վերադառնամ երազին։ Երբ մայրիկս՝ Մարիամ հորաքրոջ առաջին հարսը, որը շուտով առաջին թոռ գրկելու խինդը պիտի պարգևեր նրան, պատմում է, թե երազում սկեսուրը դաշնամուր էր նվագում, Մարիամ հորաքույրը խաչակնքում, գրկում է մայրիկիս ու մրմնջում է.
-Անունը տվեր է, հոգի՜ս։ Առաջն Աստված, աղջի՜կ է ծնվելիքը։
…Որոշ ժամանակ անց, երեք օր ու երեք գիշերվա տառապալի երկունք պատճառելով մորս, Բեյրութի Ամերիկյան հիվանդանոցում ծնվում եմ ես՝ 54 սմ հասակ և 6 կգ քաշ ունեցող մի աղջիկ՝ Եսթերիկ Բաստրմաջյանը, իսկ «իկ» ոչ թե կրտսերը լինելու, այլ նույնությամբ պահելու համար ավագի՝ հայրական կողմի մեծ մոր անունը, որին, թեև ամուսնացած, երեք զավակի մայր արդեն, դեռ տիկին Եսթերիկ են կանչել։ Ես սիրում եմ անունս։ Սակայն սիրելուց առաջ ու ավելի՝ այն կրում եմ մեծ պատասխանատվությամբ՝ անաղարտ պահելու համար հիշատակը կեսարացի Եսթերիկ Գոնտուրուճյանի…
Ես սիրում եմ ազգանունս, որովհետև շառավիղն եմ կիլիկեցի մի ազնվականի՝ Հարություն Բաստրմաջյանի, իսկ սիրելուց առաջ ու ավելի՝ այն կրում եմ հպարտությամբ, նաև՝ անամոք մի ցավով, քանզի կիլիկեցի լինել, նշանակում է՝ թուրքի ձեռքով արմատախիլ արված, թափառական պանդուխտ դարձած հայի բեկորը լինել…
Այլապես ինչու՞ բնիկս՝ Կիլիկիան, ծննդյանս վայրը Բեյրութը պիտի լիներ…
Այլապես ինչու՞ մանկությանս օրրանը, պատանեկությանս, վաղ երիտասարդությանս բույնը Երևանը ու …ներկայիս տունը Ամերիկան պիտի լիներ…
* * *
…Տարիներ առաջ, 1969-ին, Երևան հասավ ինձ հասցեագրված մի նամակ, որ պահում եմ իբրև սրբազան մասունք և որի հեղինակը մեր գերդաստանի նահապետն է՝ Վարդանիկ քեռին։ Նամակը չեմ փոխի աշխարհի հետ…
Նախ՝ գրավոր տեղեկություն է մեծ հայրիկիս, մեծ մայրիկիս մասին մասնավորապես, բայց միաժամանակ նաև հայ մարդու ու նրա ճակատագրի մասին՝ ընդհանրապես։
Երկրորդ՝ անեղծ հայրենասիրության նմուշ է։
Վերջապես՝ փայլուն բանականության, մշակութային բարձր որակի վկայություն է, որ անհուն հպարտությամբ է լցնում սիրտս…
Դժվար է ասել, թե քանի անգամ եմ կարդացել նամակը։ Անգիր գիտեմ։ Բայց ամեն անգամ այն ձեռքս եմ առնում մի նոր հուզումով, խորհելով, թե ճիշտ պիտի լիներ նամակը ծանոթացնել շատերին..
Քանզի մտածում եմ, թե այս նամակը, մեկի դեպքում ավելի և մյուսի դեպքում՝ պակաս, հիրավի կարող էր լինել աշխարհասփյուռ որևէ հայի ճակատագրի պատմությունը…
Քանզի կարծում եմ, թե շատերը կուզենային ունենալ իրենց գերդաստանի նահապետի կտակ-հավաստիացումը…
Քանզի համոզված եմ, թե պե՜տք է կիսել ութսուն տարիներ այս աշխարհում ապրած-տառապած մարդու լավատեսությունը, նրա՝ ինձ կտակած հոգու ուժը, կորովը և, մանավանդ, հարատևելու նրա՝ ինձ փոխանցած պատգամը…
Քանզի ցանկանում եմ ամենքի հետ կիսել արդեն դողացող ձեռքի գեղագրով երկու էջերի մեջ ներհյուսված նրա ջերմությունն ու սերը… Բայց ամեն ցանկություն իրագործվելու իր ժամանակն ունի… Ու հավանաբար այսօր է այդ ժամանակը՝ 2010 թվականին։ Ես արտագրում եմ նամակը նույնությամբ, ճիշտ, ինչպես գրված է քառասունմեկ տարի առաջ՝ արդեն խունացած երկու էջերի վրա…
* * *
Պէյրութ, 8 Յուլիս 1969
Իմ շատ սիրելի Եսթերիկ
Այս առաջին և շատ հավանաբար վերջին նամակովս կը գամ ներողութիւն խնդրել քեզնից այն աններելի ծուլութեան համար որով անպատասխան թողած եմ քու, հօրդ ու հօրեղբորդ բոլոր նամակները այսքան տարիներէ ի վեր. և եթէ քովս ըլլայիր, վստահ եմ, թէ պիտի նկատէիր երեսիս ամօթի կարմիրը։ Միայն քեզ կրնամ վստահացնել որ ոչ մէկ ատեն ձեզ չեմ մոռացած, նամանաւանդ իմ այս վերջին 10 տարիներու տառապալից և անհամ օրերուս մէջ։ Այս կը վերաբերի հաւասարապէս ձեր և հօրեղբորդ ընտանիքներուն և պիտի խնդրէի քեզմէ որ իմ կողմէ թարգման ըլլաս իւրաքանչիւրին մօտ իմ այս կտակ-հաւաստիացումներուս։
Ըսէ հօրդ և հօրեղբորդ որ ամբողջ կյանքիս ընթացքին անհուն սիրով, հիացումով ու երախտագիտութեամբ հիշած եմ պաշտելի այն ամոլը որ եղած է իրենց ծնողքը և որոնք, այնքան ողբերգական ու ցաւալի պարագաներու տակ, դեռ իրենց կեանքի ծաղիկ գարնան, բաժնուած են իրենց սիրասուն զաւակներէն։
Կը յուսամ ամենքդ ալ առողջ և հանգիստ էք. հիմա հայկական բարձրաւանդակին ամենագեղեցիկ եղանակն է կարծեմ։ Կը մաղթեմ ամենուդ գործերու յաջողութիւն և ուրախ և երջանիկ օրեր։
Մի մոռնաք որ ձախորդ օրերը կըգան ու կերթան, վհատելու չէ, վերջ կունենան, ինչպէս իրաւամբ ըսած է մեր մեծ բանաստեղծը։
Գալով մեզի, թէ ես և թէ քեռկինը ալ ծերացած ենք և հիմա մեր զաւակներուն սիրով ու քաջալերութեամբ մեր օրերը տանելի ընելու կաշխատինք ըստ կարելւոյն։ Հմայակը Յունվարին Ամերիկա մեկնեցաւ, հոն հաստատուելու մտքով։ Իսկ Հրաչը, որ ամուսնացած է, հինգ տարիէ ի վեր Պարսից ծոցին վրայ Katar կոչված պզտիկ երկիր մը կաշխատի Անգլիական Shell ընկերութեան մէջ. գործը լաւ է։ Նոյեմբերին Պեյրութ պիտի վերադառնայ կրկին։ Օննիկը Պէյրութ կը մնայ մեզի հետ։
Ըստ գացող-եկողներու տեղեկութեանց և ըստ Radio-Yerevan-ի հաղորդած լուրերուն, կը խորհինք թէ հայրենիքը շարունակական յառաջադիմութեան և բարգավաճման ճամբուն մէջ է, որուն համար իհարկե շատ ուրախ ենք. քանի որ այդ կարելիութիւն պիտի ընծայէ մօտ ապագային մեր հայրենի հողին վրայ համախմբելու սփիւռքի թափառական հայութեան մնացորդները որ դատապարտուած են ի սպառ կորսուելու օտար ապականուած միջավայրերու անազնիւ և անբարոյական հոսանքներուն մէջ։
Ձեզի ցաւալի լուր մը պիտի տամ, եթէ տակաւին չեք իմացած որևէ կերպով։ Ամերիկայի Հայկակ եղբայրս այս տարուայ Յունվարի 13-ին իր յաւիտենական հանգիստը գտած է. Աստուած ձեզի երկար կեանք տայ. ինձմէ 13 ամիս աւելի պզտիկ էր. ես մինակ մնացի իմ սերունդիս մէջ, որուն համար ինքզինքս յանցապարտի պէս կզգամ, քանի որ ամենէն մեծը ես էի իմ հօրս զաւակներուն մէջ։ Գիտեմ որ հայրիկդ և հօրեղբայրդ շատ պիտի ցաւին այս գոյժին համար, քանի որ զինքը շատ կը սիրէին իրենց կանուխ մանկութեան օրերեն, միշտ վայելած ըլլալով անոր գուրգուրանքը տարագրութեան ու աքսորի սոսկալի օրերուն։
Երկար պիտի չի կարենամ գրել չափազանց յուզված ըլլալով, եթէ կարենամ ուրիշ առիթ ունենալ, նորէն կաշխատիմ գրել։
Հեղինէ հօրաքոյրը և ամուսինը յաճախ կը տեսնենք. տղաքը մեծցան և հոգերնին աւելի շատցավ. սիրով կը համբուրեն ձեզ։
Նամակաբերս որ լուսահոգի Բաբկենին այրին է, ձեզի աւելի բաներ մը կրնայ տեղեկացնել մեր մասին. աչքերս ալ տկարացած ըլլալով քանի մը տող բան գրելը մեծ խնդիր է ինծի համար, ինչպես որ գիրէս ալ պիտի կռահէք։
Սիրով և կարօտով կը համբուրենք ամենդ ալ և կը մաղթենք առողջութիւն և երջանկութիւն։
Վարդան և Արագսի Գօնտուրուճեան
* * *
…Վարդանիկ Գոնտուրուճյանը մեծ մայրիկիս եղբորորդին էր: Նա երկրորդական եղբայր էր գալու իմ հայրիկին, բայց վերջինս մանկուց քեռի էր կոչել իրենից քսանմեկ տարով ավագին, որ հենց այդպես էլ՝ քեռի էր մնացել որբերի համար։ Ես հայրիկիցս այնքա՜ն էի լսել քեռու մասին, մտքիս աչքերով տեսնում, պաշտում էի նրան: Գիտեի, թե հայրիկս որքան էր կապվածը, որքան էր կարոտում այդ բացառիկ մարդուն… Տասնինը տարվա բաժանումից հետո, 1965-ին Բեյրութ կատարած իր այցելության օրերին բարեբախտաբար մեկ անգամ ևս վայելել էին իրար… Ավա՜ղ, վերջին անգամ…
Նրա ներկայությունը վայելելու, մտքի, հոգու հարստությանն առնչվելու հնարավորությունը ես չէի ունեցել։ Քեռուն փարվելու ու նրա գրկի ջերմությունը զգալու իմ փափագը անհնարին թվացող երազանք էր միայն…
… Հրա՜շք: 1972 թվականին ես հրավեր եմ ստանում՝ այցելել Բեյրութ։ Ինձ արտոնում են մեկ ամիս՝1972-ի դեկտեմբերից մինչև 1973-ի հունվար գտնվել մայրիների երկիր Լիբանանում։ Ապրում եմ անբացատրելի երազով, որ մարդ կարող է ունենալ՝ հիշողության ծալքերում հազիվ ուրվագծվող իր ծննդավայրը հասուն տարիքում տեսնելու, այն մեկ ամիս վայելելու հնարավորությունը ստանալով հանկարծ: Բայց լոկ ծննդավա՞յրը, հապա հարազատնե՜րը, հապա մանավանդ գերդաստանի նահապե՜տը՝ Վարդան քեռին…
* * *
-Այնքան անհամբեր եմ հանդիպել Վարդանիկ քեռիին,- ասում եմ ես։ Հորաքույրս պատասխանում է, թե՝ «ջանամ քնանալ, առտուն կանուխ պիտի ելլանք տունեն, Գրիգորը գործի երթալու ատեն մեզի պիտի տանի քեռկինին», մի բան, որ կրկին զարմանք է պատճառում ինձ… Չեմ հասկանում՝ ինչու՞ է նշվում միայն քեռկինը, և ոչ քեռին…
…Չէ՜, շատ հոգնած եմ, գլուխս չի աշխատում։ Այդ հարցը թող վաղվան մնա։ Մյուս կողմից էլ մտածում եմ՝ Աստված իմ, ի՜նչ խիստ բնավորություն ունի հորաքույրս. բայց ենթարկվում նրան, փորձում եմ քնել… պետք է կարճել սպասումի վերջին ժամերը…
Զարթնում եմ անսովոր, ճնշող մի զգացումով…Այո՜, զարթնել եմ ինձ օտարացած քաղաքում, սակայն չէ՞ որ իմ հարազատների տանն եմ։ Ինչի՞ց է հապա այդպես ճմլվում սիրտս։ Քիչ անց դուրս ենք գալիս տնից: Ճանապարհին դարձյալ միայն Գրիգոր քերայրն է խոսում։ Վերջապես հասնում ենք քեռիենց տուն։
Դուռը բացում է սևեր հագած մի կին, որին նկարներից գիտեմ՝ Արաքսի մաման է… նա գրկում է ինձ ու մրմնջում է.
-Յավրու՜մ, յավրու՜մ, քանի մը ամիս առաջ գայիր նէ… Տղաքը որոշեցին Հակոբին ավելի ուշ իմաց տալ… ի՞նչ գիտնամ…
…Գրում եմ այս տողերը և վերջապես ազատություն եմ տալիս արցունքներիս, որ այդ առավոտ ներս հորդել՝ սրտիս վրա մնացին էին երեսունյոթ տարի… Գերդաստանիս նահապետը կնքել էր իր մահկանացուն… Նրան անձամբ տեսնելու երազանքս երազանք էլ մնաց…
…Չգիտեմ, պիտի կարողանա՞մ արդյոք արժանին մատուցել՝ այս գրքում գրելով հայրիկիս կուռքի մասին… Սակայն ինչպես էլ որ ստացվի, ես ո՜չ միայն որոշ էջեր, ամբողջ գի՜րքն եմ նվիրում բազում հայ որբերի թվում նաև Հարություն- Եսթերիկ Բաստրմաջյան զույգի ձագուկներին Տեր-Զորում անհայտ ոչնչանալուց փրկելու սրբազան ուխտին նվիրված մարդկանցից մեկի՝ Վարդանիկ Գոնտուրուճյանի հիշատակին։