Կյանքը շատ հաճախ փորձանք է դառնում ոչ թե նրանից,
որ միամտաբար կանաչ ճամփա ենք միշտ ակնկալում,
իսկ նման հրաշք հեքիաթներում է միայն պատահում,
այլ ավելի քան պարզ մի պատճառով հենց այն վայրկյանից,
երբ փորձությունը պատեհություն ենք որպես ընկալում,
պարզ սխալմունքը բարդ հետևանքի սկիզբն է դառնում։
Եվ փորձությունը ինչ է, եթե ոչ անխոհեմության
հեղհեղուկ սահման, որի մի կողմում դարանակալել,
կարմիր աչքերով հըրապուրում է ինքը՝ սատանան,
հակառակ կողմում ճերմակ հրեշտակը ողջամտության
պատգամն է հուշում, փորձում ետ պահել, պահապան լինել,
քանի չի բացվել գայթակղության վիհը կործանման։
Ուրեմն, կյանքը փորձանք է դառնում ոչ թե հրաշքի
չգոյությունից, այլ իրարամերժ երկու ուժերի
նույնժամանակյա առկայությունից` խաբկանքով աչքի,
երբ մեզ հրեշտակ է թվում սատանան անհանդուրժելի,
երբ վայրկենական թուլության պահն է տերը դրության,
ու թուլությունն էլ փորձանք է դառնում ճակատագրական։
Կյանքը շատ հաճախ փորձանք դարձնողը հենց մենք ենք, որ կանք,
մանուկների պես եկեք հեքիաթին մենք էլ հավատանք…
06-25-2002