ՎԵՐՋԸ՝ ԲԱՐԻ

 

 

Ի՞նչ կառուցվածք է մարդ արարածը,
որ որքան ուժեղ, տկար է նույնքան։
Փորձիր բացատրել այս առեղծվածը՝
թե մտադրվեց, գետերի հունը
կարող է փոխել, բայց անկարող է
հունի մեջ պահել կյանքը սեփական։

Ձմեռ չի սիրում, տարին վեց ամիս
ցրտից բողոքում ու կուչ է գալիս,
բայց արի ու տես, ատում է շոգը,
ողջ ամառ նստում՝ անեծք է տալիս.
ձյունը՝ թշնամի (լավ, սա՛ հասկացանք),
արևը ինչու՞ բարեկամը չի։

Որևէ հարցում, որևէ գործում
միայն ըսպիտակ կամ սև է տեսնում,
բայց ոչ թե որպես առանձին դիտված՝
իրար համարժեք երկու զորեղ գույն,
այլ մեկը մյուսին ի հակադրություն,
ու դարձընում է կյանքը միագույն։

Հիմա տեսնու՞մ ես ինչն է պատճառը
առեղծվածային մեր տկարության:
Ինչ տկարությու՞ն: Ուշադի՜ր կարդա
առաջին տողից բանաստեղծության։
Ես էլ եմ տեսնում, այն տարբերությամբ՝
դու տեսնում-լռում, իսկ ես գրում եմ։

Գրում եմ, քանզի ես պարզ տեսնում եմ
ախտանշանը մի հիվանդության՝
մարդատյացության (տխուր ելք ունի
չհանդուրժելու սովորությունը),
ահազանգում եմ, որ քնից զարթնի
ու իր գործն անի գիտակցությունը։

Չգիտեմ ինչպես, բայց հասկացնի մեզ՝
իմաստնություն տա, որ համերաշխվենք,
հաշտությա՜մբ լուծենք հակասությունը
ճիշտ այնպես, ինչպես լարում են գործիք՝
ներդաշնակելով լարերից ընկած
նվագարանը ձայնիկ առ ձայնիկ։

Որ նոտաները հնչեն ճիշտ՝ ինչպես
սահմանված էին ձեռքովն Հանճարի,
այսինքն՝ շեղում այսպես թե այնպես,
չթուլատրվի ոչ մի անճարի։
Շատ թափանցիկ էր կարծեմ առակս,
ուստի վերջակետ և վերջը՝ բարի։
08-25-2000