ՎԻՇՏԸ ՉԳԻՏԵՐ

 

 

Վիշտը համոզված, թե կտապալի, կհաղթի մարդուն,
իր սև գրկի մեջ բանտել էր նրան, սեղմում էր, խեղդում,
վիրավոր սիրտը անզորությունից դարձել էր մի բուռ,
արյան հոսքի հետ շրջանառում էր սուգի ցավն անլուր։

Վիշտը չգիտեր, ինչպե՜ս իմանար, թե վեր իրենից,
իրենից բարձր և սուգից զորեղ ու նաև մահից,
ուղեղի ամեն ծալք ու բջիջում կա հիշողություն,
և մահից այն կողմ թողած անունի մխիթարություն։

Վիշտը չգիտեր, թե մահը կյանքի մոմն է երբ մարում,
սգավոր սրտում ապրած օրերի կրակն է վառում,
և արյան հոսքը շրջանառում է հուշը մշտական,
մահը լոկ պահ է, սուրբ հիշատակը՝ հար ու տևական։
05-28-2001