ԱՄԵՆ ԼԱԲԻՐԻՆԹ ԵԼՔ ՈՒՆԻ

 

 

Մտածում եմ, թե ճաշակել ու մարսել եմ չարն ու բարին
և քիչ թե շատ իմաստնացած՝ հոժար է սիրտս աշխարհին։
Բայց ավելի, քան երբևէ, ա՛յս տարիքում չեմ հաշտըվում,
երբ մեկ մարդու ունեցածը մեկ ուրիշին խորթ է թվում։

Եվ ու՜ր էր, թե լոկ խորթ թվար, թե նախանձի կամ էլ խանդի
կանաչ օձը սիրտը սողար, բայց չհուշեր՝ տունը քանդի։
Եվ ու՞մ տունը։ Բարեկամի՜։ Քրտներ, դողար… չմեղանչեր,
հիշեր հայտնի պատվիրանը, ձեռքերը վեր՝ մեղա կանչեր։

Եվ երանի դու էլ, ո՜վ Տեր, ինչպես երեկ, այսօր կրկին,
անտարակույս վաղը նաև՝ քանի դեռ կա երկիր, երկին
ու մարդկությունն այս մեղապարտ, անսայիր քո արարածին
մեղքից առաջ, սրբագրեի՜ր հոգին թույնով պարուրածին։

Ներիր, եթե շատ եմ խոսում։ Բայց բանն այսպես թե վերջանար՝
թույնը հոգում չկուտակվեր, չարությունը կխեղճանար։
Չէր վերանա, կպակասեր։ Կավելանար մի քիչ բարին,
ու ա՛յդ չափով կհեշտանար հաշտ նայելը այս աշխարհին։
12-26-2000