ՑԱՎՆ ԷԼ ՄԻ ԽԹԱՆ Է

 

 

Ասացին՝ նման բան հեքիաթում է եղել։
Ասացին՝ ապրում ես երազի աշխարհում։
Ասացին՝ անփորձ ես, միամիտ ու ջահել,
սառույցը աչքերիդ ադամանդ է թվում։

Ասացին՝ օ՜, քանի՜-քանիներ քեզ նման
խաբկանքի անպտուղ պարտեզներ ջրեցին,
ու մի օր, երբ անուշ թովչանքից արթնացան,
աչքերից դառնաղի անձրևներ հեղեցին։

Ասացի՝ թող լինի և խաբկանք, և արցունք,
թող խաչիս շղթային նոր օղակ ծանրանա,
ցավն էլ մի խթան է այս կյանքում վաղանցուկ,
չի թողնում, որ երգըս չծնված մահանա…

Ասացի՝ իմացե՜ք, լոկ խինդ ու ծիծաղից
իմ սիրտը չի՜ հորդի՝ որքան էլ լիանա,
ամոքիչ հեքիաթըս ծնվում է հե՛նց ցավից,
ինձ ցավն է միշտ օգնում, որ տաղըս կայանա…
09-07-05