Արի այսօր փորձենք լինել տարօրինակ՝
առանց ձայնի ու բառերի փորձենք խոսել,
փորձենք նայել երրորդ աչքով՝ երկուսը փակ,
ականջների փոխարեն էլ՝ սրտով լսել։
Արի այսօր փորձենք լինել երանելի՝
ներենք իրար, ներենք նաև ինքներս մեզ,
ներենք նրանց, որ դառնացրել, բայց ավելի
իրենք իրենց կյանքն են դարձրել դժոխակեզ։
Արի այսօր փորձենք լինել անհիշաչար՝
մանկան նման մաքուր լինել, լինել բարի,
և ոչ անեծք, ոչ հայհոյանք, ոչ իսկ կոշտ բառ
թող մեր հոգու սուրբ անդորրը չխաթարի։
02-04-2001