ՔԱ՜, ԱՍ ՄԱՐԴՆ Ո՞Վ Է

 

 

«Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» հայտնի պիեսի
ներկայացումն էր Լոս Անջելոսում,
և էպիզոդիկ մի դերի համար
վայրի տեսքով մի մարդու կարիք կար,
որ առանձնապես անելիք չուներ,
խանդից խենթացած բեմ պիտի խուժեր
և ընդամենը երեք բառ ասեր՝
«ես ամուսինն եմ» ու ձերբակալված
երիտասարդին, քանզի նա կընոջ
սիրահարըն էր, պիտի կրակեր
ու սարսափահար դուրս պիտի փախչեր…

Բռի կերպարանք ունեցող մեկին
հարկ եղավ գտնել։ Երկար փնտրեցին
և ընտրությունը եկավ, կանգ առավ
մի մարդու վրա, որն ամբողջ կյանքում
գաղտնի երազ էր փայփայել հոգում…
թաքուն մի երազ՝ գոնե մեկ անգամ,
թեկուզ թե լիներ մի քանի վայրկյան,
երևալ բեմում որևէ դերում…
քանզի նա իրեն չհայտնաբերված
ու անկրկնելի տաղանդ էր կարծում,
և փառքի ցեցը հոգին էր կրծում։

Չէիր ասի, թե տգեղ էր մարդը
և կամ շատ վանող: Անբացատրելի,
մի տեսակ վայրի բան կար նրա մեջ՝
նույնիսկ հմայող։ Հենց դերն ըստացավ,
հանգիստը կորցրեց, ջղային դարձավ:
Նա պարապում էր ցերեկ թե գիշեր,
չէր կարողանում երեք բառ հիշել։
Տողը հիշում էր, տե՜ղն էր մոռանում,
տեղը հիշում էր, տո՜ղն էր մոռանում…
և ախորժակը իսպառ կորցըրեց…
բայց նա համառ էր ու չվհատվեց…

Ցանկալի օրը վերջապես հասավ։
Հասավ և պահը, երբ մարդը հուզված,
դերի համաձայն՝ խանդից գազազած,
բայց ոտքից գլուխ զուգված, զարդարված,
վազքով ներխուժեց, բեմում քարացավ…
-Քա՜, աս մարդն ո՞վ է,- դահլիճն ալիքվեց…
Եվ աղմուկի մեջ հրաշք կատարվեց՝
իր տողը հիշեց, բերանը բացեց
խիստ վիրավորված մարդն անմիջապես,
դեռ երկու բառ էլ գումարեց, ասաց.
-Ինչպե՞ս թե ով է… Ամուսի՛նն եմ ես…

Գոռաց, հոխորտաց… ապա կըրակեց
երիտասարդին և գործն ավարտած՝
դեմքը դահլիճին ու հաղթանակած,
ետ-ետ քայլերով բեմից դուրս գնաց…
Մինչ կուլիսներում՝ իր փառքից արբած,
ընկերների հետ վիսկի էր խմում
մարդն ինքնամոռաց ու առյուծ կտրած,
ի՜նչ էր կատարվում դահլիճում այնժամ,
երևակայել չե’ք կարող անգամ…
տեսնելու բան էր՝ ո՛չ մի թատրոնում,
ո՛չ մի ժամանակ դեռ չպատահած…

Այս պատմությունը ես չեմ հնարում,
իրողություն է՝ վկա է Աստված։
Ամեն մարդու մեջ արտիստ է ապրում…
Ամեն մարդու մեջ առյուծ կա քնած…
01-27-04