Առանց որևէ դիտավորության,
ժամանցի սիրույն ու զվարճության,
իմ ծանոթներին հարց տվի մի օր՝
քայլելու համար ի՞նչ է հարկավոր։
Շատեր զարմանքով դեմքիս նայեցին,
անհանգստացան ու երկբայեցին՝
կատա՞կ է արդյոք, թե՞ խելքն է կորցնում,
գուցե պարզապես իրե՞նց է փորձում։
Շատեր հեգնեցին՝ է՞դ էլ չգիտես,
ոտք է հարկավոր, որպեսզի քայլես,
ոմանք էլ կողքից վրա տվեցին,
հանգամանորեն ինձ բացատրեցին,
թե՝ ճամփա է պետք քայլելու համար,
հեչ կարևոր չէ՝ կարճ է կամ երկար,
նաև զույգ կոշիկ՝ ամուր ու կարգին,
տանը կամ դրսում, ցրտին կամ շոգին։
Տեղիցս ելա խոլ մտադրությամբ,
դաս տալու անխոս դիտավորությամբ՝
ոտքիցս հանած կոշիկները իմ
տարա, հագցըրեցի սեղանի ոտքին։
Նրանց շլմորած հայացքների տակ,
քանզի չիմացան՝ լու՞րջ էր, թե՞ կատակ,
դարձա, սեղանի հետը խոսեցի
ու նրան քայլել ես հորդորեցի։
Սեղանն, իհարկե, չարձագանքեց ինձ,
ո՛չ պատասխանեց, ոչ շարժվեց տեղից,
բթամիտները՝ սրամտացած,
սրամիտները՝ բթամտացած
մի պահ քարացան, խորհեցին անշուշտ,
ապա խնդացին միասին մի կուշտ
և տված հարցիս որպես պատասխան
նստած տեղերից մեկ-մեկ վեր ելան։
Ոմանք լրջացած դեմքիս նայելով,
հասկանալով ու էլ չերկբայելով,
ոմանք ժպտալով՝ իբրև՝ չգիտե՞ս,
շարժըվել է պետք, որպեսզի քայլես,
ոմանք լռակյաց կողքիցըս անցան,
ոմանք էլ կարծեմ անհանգըստացան
ու պատվիրեցին՝ կոշիկներըդ, տե՛ս
սեղանի ոտքին հանկարծ չթողնես…
09-17-03