Քեզ որոնեցի ամեն տեղ, ուր խենթ
երազիս թևով հասնել կարեցա…
Փնտրեցի երկար, ավա՜ղ, չգտա։
Քեզ որոնեցի նոր քաղաքներում
ու պատմության մեջ անցած օրերի…
Փնտրեցի երկար, ավա՜ղ, չգտա։
Քեզ որոնեցի ամեն տեղ, ու խենթ
երազս ինձ հետ այս ափը հասավ,
հոգնած, բայց էլի փորձեցի գտնել…
Փնտրեցի երկար, ավա՜ղ, չգտա։
Ու ես ձեռնունայն, ու ես միայնակ,
երազս գրկած գանգատս լացի՝
թե որոնեցի ամեն տեղ, ուր խենթ
երազիս թևով հասնել կարեցա…
Փնտրեցի երկար, ավա՜ղ, չգտա։
Պատմությունը այս ունի վերջաբան։
Մինչ կողքիս էիր, ինձ մոտիկ այնքան,
ես քեզ չտեսա, ես վրիպեցի
ու հեռուներում սերս փնտրեցի…
Երազս գրկած՝ քեզ կորցրեցի։
01-20-2000