Վարդերի մի փունջ սեղանիս վրա,
սեղանիս վրա մի հին օրագիր՝
ներկա օրվա մի գունագեղ վկա,
անցյալի գունատ մի վկայագիր…
Վարդերի փունջը կյա՜նք է ու ծիծաղ,
փունջը սեղանս ու տունս է զարդարում,
սակայն մեծամիտ, անսիրտ է, ավա՜ղ,
քամահրանքով է օրագրիս նայում…
Փունջը օրագրիս էջերում լոկ «խեղճ»,
«մեռած» վարդեր է տեսնում չորացած,
պարտություննե՜ր է տեսնում նրանց մեջ,
զի անհաղորդ է խորհրդին նրանց…
Օ՜, վարդեր, վարդեր, դեռ թարմ, բուրավետ,
որ այս գարունն եք բերել ինձ կրկին,
չգիտե՞ք միթե, որ օրերի հետ
կորցընելու եք և՛ բույր, և՛ մարմին…
Թե ծաղկամանըս՝ գերի ձեր գեղին,
բյուրեղապակյա ծաղկամանըս նույն,
հենց թառամեցիք՝ անբույր ու դեղին,
ձեր գերեզմանը կդառնա անգույն…
Մինչ իմ օրագրի ամեն մի չոր վարդ,
որ ձեզ մեռած կամ անկյանք է թվում,
ծաղիկ չէ արդեն ու անցողիկ զարդ,
որ երկու օր է սրտերը թովում…
Թե գույնն ու բույրը կորցըրել թեպետ,
բայց տեղ է գտել իմ այս օրագրում,
քանզի կապ ունի իմ էության հետ՝
կյանքիս գույներն ու բույրերն է կրում…
Թե ճիշտ ձեզ նման ապրում էր մի օր,
իմ սեղանն ու իմ տունն էր զարդարում,
կացարան ուներ ժամանակավոր
բյուրեղապակյա նույն ծաղկամանում…
Ու թե պատահեր, նա էլ ձեզ նման
վերևից նայեր կյանքին, աշխարհին,
իմ սիրտը նրան չէր տա հանգրվան
ու չէր պահպանի օրագրում այս հին…
Զի սիրտս է ապրում այս էջերի մեջ,
օրագրի ամեն չոր վարդի կրծքում,
ու ամեն մեկը մի երազ, մի տենչ,
անմոռաց պահի մի հուշ է գրկում…
Լսու՞մ եք, վարդե՜ր, դեռ թարմ, բուրավետ,
ձեռնոց մի նետեք ձեր ճակատագրին,
որպեսզի ձեզ էլ մի նոր հուշի հետ
սիրտըս պահ տա իր այս հին օրագրին…
07-11-07